Ես արդեն այստեղ եմ՝ այս մաքրամաքուր ու աղբանոց աշխարհում: Ու հիասքանչ են ինձ համար բարությունն ու մարդկությունը, ու զզվելի են ինձ համար անարդարությունն ու չարը: Ես արդեն այստեղ եմ, իմ Տեղում, կյանքի իմ անձնական կետում, ուր միայն ու միայն ես կարող եմ լինել: Ես այստեղ եմ` կերտելու ի’մ աշխարհը, իմ համն ու հոտը, իմ «ես»-ը…
Ես արդեն այստեղ եմ, իմ Ընտանիքում, ուր ամեն ինչ հարազատ է, ջերմ, ուր իմ Տեղն է, իմ սկզբնակետը…
Ես այստեղ եմ արդեն՝ իմ Հայրենիքում, այնտեղ, որտեղ իմ ընտանիքն է ու որտեղ իմ միակ Տեղն է: Արյան ճիչով ու կանչով, հազար անտեսանելի թելերով, տիեզերական մտքերով ու աստվածային կամքով՝ ես արդեն այստեղ եմ ու սիրում եմ իմ այստեղ լինելը…
Ես եկել եմ, եկել եմ վաղուց, եկել եմ բազմիցս՝ ապրել, արարել, շենացրել…
Ես եկել եմ, եկել եմ քո ու բոլորի նման բարևել ու նստել աշխարհիս ճամփեզրին:
Ես եկել եմ, եկել եմ միշտ, եկել եմ ընդմիշտ: Ու դեռ գալու եմ, գալու եմ հավերժ: Ու իմ անունն է Մարդ արարած: