Յուրաքանչյուրն էլ իրեն լավ է զգում երբ սպասված հյուր է լինում ու իրեն լավ են ընդունում: Մենք (Վայոց Ձորի Կարմրաշեն գյուղ մեկնող խումբը) զգացինք այդ հաճույքը տեղի բնակիչներից, երբ տեղ հասանք: Նրանք մեզ դիմավորեցին ուրախ ժպիտներով, ու իրենց հաճելի տրամադրությունը՝ ծանոթությունների միջոցով փոխանցեցին մեզ՝ 6 ժամ ճանապարհ եկած, հոգնած արշավի մասնակիցներիս:
Ծանոթացանք Կարմրաշենի դպրոցի պայմաններին, աշակերտները մեզ ցույց տվեցին իրենց դասարանները: Իսկ երբ դուրս եկանք դպրոցից, նրանք մեզ տարան իրենց ձիերի մոտ, ու մեր ճամփորդության մոտավորապես 2 ժամը զբաղված էինք ձի քշելով: Բոլորը հերթով նստում էին, մի կողմ դնելով վախը: Ոմանք արդեն մենակ էին քշում, ինչն էլ մե՜ծ հաճույք էր պատճառում: Բայց մեր ժամանակն այդքան էլ շատ չէր ու մենք շարժվեցինք առաջ: Պետք է բարձրանայինք Վայոց սարը՝ Կարմրաշենցիների ուղեկցությամբ: Ամեն ինչ շաաատ լավ էր, բարձրանալու ընթացքում ավելի մտերմացանք, փոխանակվեցինք տվյալներով: Հասանք սարի գագաթը, անգամ չնկատեցինք ինչպես, քանի որ խոսելով, ծիծաղելով, նկարելով ու նկարվելով բարձրանում էինք: Գագաթին պարեցինք, երգեցինք, արտասանեցինք, նկարվեցինք, մեր եռագույնը բարձրացրեցինք ու ուրախ, հայրենասիրական տրամադրությամբ շարժվեցինք դեպի սարի փոսում գտնվող մատուռը: Այնտեղ էլ մոմ վառեցինք ու նույն ճանապարհով հետ գնացինք: Արդեն մեր ծանոթ ըներների հետ իջնում էինք սարը և մեկս մյուսիս օգնելով բարեհաջող տեղ հասանք: Հասանք ու իմացանք, որ հատուկ մեզ համար մորթած ուլի խորոված ենք ուտելու, որն արդեն պատրաստ էր: Մենք էլ շատ քաղցած էինք ու սկսեցինք ուտել: Ամեն ինչ շատ համեղ էր: Կերանք, վերջացրեցինք, շնորհակալություն հայտնեցինք ու էլի սկսեցինք հաճելի զրույցները մեր հասակակիցների հետ: Չէինք ուզում վերադառնալ, քանի որ ամեն ինչ հիանալի էր: Բայց անընդհատ լսում էինք ընկեր Արտակի ձայնը, կանչում էր, քանի որ արդեն շատ ուշ էր ու մենք դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու, որպեսզի հասնենք Երևան:
Կարմրաշենցիներից իմացանք, որ նրանք ունեն ավանդույթներ, որոնց միշտ պահպանում են իրենց հյուրերին ճանապարհելիս: Գնացինք իրենց դպրոց սուրճ խմելու: Քանի դեռ մեծերը սուրճ էին խմում, մենք այդ ընթացքում կարմրաշենցիներին հրավիրում էինք Երևան, մեր դպրոց այցելելու: Նրանք մեզ խոստացան, որ անպայման կգան, ու մեր շփումն այսքանով չի ավարտվի:
Ասել եմ, ասում եմ ու էլի ասելու եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Հ. Գ. Մենք էլ այսպես նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարելիցը: