Առաջին հայացքից ինձ թվաց, որ այս վերնագրով գրելու ոչինչ չեմ ունենա… Ու փորձեցի փորփրել հիշողությունս: Անկեղծ ասած, չգտա մի լուրջ դեպք, որ կարող եմ կոչել «կյանքիս ամենավատ պատմություն»: Բայց, իհարկե, ինչպես բոլորի կյանքում, ինձ մոտ էլ եղել են մի քանի մանր-մունր պատմություններ, որ տհաճություն են պատճառել ինձ, իսկ այս մեկը, որի մասին ուզում եմ պատմել, նույնիսկ ծնողներիս:
…Դեռ նախկին դպրոցում էի սովորում: Քույրիկիս հետ դպրոցից տուն էի վերադառնում: Հանկարծ մի շենքի բակում նկատեցինք մի նորաոճ բջջային հեռախոս: Վերցրեցինք և առաջացանք: Քիչ անց ինձ մոտեցավ մեր հետևից քայլող համադասարանցիս և չափազանց կոպիտ ձևով սկսեց պահանջել գտնված հեռախոսը: Նա փորձում էր ինձ համոզել, որ դա իր հեռախոսն է, չնայած որ մինչ այդ գալիս էր մեր հետևից՝ ուրախ զրուցելով ընկերուհու հետ: Տուն հասնելուս պես սկսվեցին ահաբեկիչ զանգերը տնային հեռախոսին՝ արագացրու հետ բեր իմ հեռախոսը, դա իմն է, ես կպատմեմ ամեն ինչ դասարանցիներիս… Նույնիսկ մի տղամարդու ձայն, որ լսվում էր հեռախոսի միջից, հրահանգներ էր տալիս նրան, թե ինչ ասի…
Բարեբախտաբար, մայրիկս և հայրիկս տանն էին: Նրանք գտնված հեռախոսի հասցեագրքում գտան “Mama” գրառումը և զանգահարեցին… Մյուս կողմում անմիջապես լսվեցին ուրախ շնարհակալական բացականչություններ… Այսպես մենք ծանոթացանք մի լավ ընտանիքի հետ: Պարզվեց, որ հեռախոսը պատկանում է Մերի անունով մի աղջկա, ով այն նվեր էր ստացել պապիկից՝ ծննդյան օրվա առթիվ: Ամեն ինչ, կարծես թե, լավ ավարտ ունեցավ: Սակայն…
Մյուս օրը « բարի կամեցող» համադասարանցիս դարձյալ մեղադրանքներ էր ներկայացնում, փորձում արդարանալ, խառնվում սեփական ստերի մեջ: Ես լուռ դուրս եկա դասարանից ու գնացի Մերիի ետևից: Նա ուրախությամբ և պատրաստակամության ողջ դասարանիս առջև պատմեց եղելությունը: Եվ չնայած բոլորը իմացան ճշմարտությունը, բայց և այնպես, մի ծանր, տհաճ ափսոսանքի ու հիասթափության զգացողություն ապրեցի:
Երևի, սա դեռ ամենափոքր դժվարությունն էր կյանքումս՝ արդարության և ազնվության համար պայքարելու ճանապարհիս…
Ալմիրա ջան շատ հետաքրքր էր, ինձ համար, ու այնքան բարի լիցքեր տվեց ինձ, որ ես այն նույնիսկ կվերնագրեի «Աշխարհում արդարություն կա վերնագրով»: Շնորհակալություն
Շատ շնորհակալ եմ Էլեոնոր ջան 🙂