Մի քանի ամիս առաջ ընտանիքով գնացել էինք Օձուն:
Օձունը մի եկեղեցի է, որը համարվում է առաջին դարի քրիստոնեական սրբավայր: Ասում են, որ հենց առաջին դարում, Թովմաս առաքյալը եկել է Օձուն և եկեղեցու վայրում օծել է քահանաների և եպիսկոպոսների: Եվ Օձունն իր անունն ստացել է օծել բառից:
Երբ հասանք տեղ, նախ մի փոքր ծանոթացանք շրջակայքին: Հետո մտանք եկեղեցի, մոմ վառեցինք: Դուրս եկանք և տեսանք, որ եկեղեցու բակում մատաղ էին անում: Առաջին անգամ էի ներկա լինում նման մեծ տոնախմբության, և զարմանքով ուսումնասիրում էի շուրջբոլորս:
Ես նայում էի, թե ինչպես են երկու տղամարդ լավաշի մեջ փաթաթում մսի կտորները և բաշխում ներկաներին: Երեխաներ, մեծահասակներ, տարեցներ` բոլորը անհամբեր սպասում էին մատաղի իրենց կտորներին: Մենք չմոտեցանք, որովհետև մեզ հետ ուտելիք էինք վերցրել և պատրաստվում էինք մի կանաչ սարալանջ գտնել և ճաշել…
Մատաղի մասին շատ էի լսել: Նաև ներկա էի եղել “ընտանեկան” մատաղի արարողակարգերի: Սակայն այս գարնանային տոնախմբության մեջ մատաղի խորհուրդը ավելի մոտ էր, դրա իմաստն էլ` ավելի հասկանալի: Ինձ մի պահ թվաց, որ ամբողջ հայ ժողովրդի բարօրության համար է այդ օրը այն մատուցվել, թվաց, որ մի անքննելի խորհուրդ կա այդ ծեսի մեջ: Կիսել միմյանց հետ մի կտոր հաց… Ինչը մարդկային պատմության մեջ ավելի կենարար կարող է լինել: Ինչը կարող է ավելի մարդկային, ավելի սոցիալական, ընկերական, մարդասիրական լինել: Այսօր էլ շատերս դրացիներին ձեռք մեկնելու կարիք ունենք: Այո, այո, հենց մենք ունենք այդ կարիքը` օգնելու ուրիշին, քանզի կողքինիդ օգնելով` հզորանում ես ինքդ` մարմնով, ոգով ու սրտով…