Էդգար Ալլան Պո

1809 թվականին Բոստոնում այս օրը ծնվեց Էդգար Ալլան Պոն, ով հետագայում դարձավ արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ, խմբագիր: zpoeimgi

Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալլանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։ 1820-ին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826-ին` Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալլանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։ 1835-ի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messeger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը` Մարի Քլեմը, դստեր` Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնարարները շատ չնչին էին, և գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։

Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը` Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար` ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849-ի հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։

 

                                 Ագռավը

Կեսգիշերին մի oր եբբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես պատմություններ, գրքեր հին հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, լսվեց հանկարծ մի խուլ թախում,
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին.
«Այցելու է, մրմնջացի, դուռս է ծեծում մութի միջին,
Այցելու է, ուրիշ ոչինչ»:

Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ դեկտեմբեր էր,
Եվ մոխրացող ամեն կրակ շուք էր գցել հատակիս խոր.
Անձկում էի լուսաբացին և զուր նստած գրքերում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ իմ Լենոր,
Անգին ու վառ այն աղջկան, աղջկան այն արևավոր,
Դարձած անhուշ ու հեռավոր:

Եվ ամեն մի նուրբ ու խորին խըշխըշոցը վարագույրի
Համակեց  ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած սարսափներով,
Եվ որպիսի ահըս վանեմ և սարսափն այդ սրտես հանեմ,
Ես կրկնեցի կանգնած վախով. «Այցելու է մտնում բախով,
Մի ուշացած ճամփորդ գուցե, տեղ է խնդրում որ քիչ հանգչի,
Այցելու է, ուրիշ ոչինչ»։
Եվ սրտապինդ ու անվարան մոտեցա ես այսպես դռան՝
«Պարոն,  ասի, կամ թե տիկին, ներեցեք ինձ՝ չլսեցի,
Փաստ է, որ ես մրափեցի, իսկ դուք այնպես մեղմ բախեցիք,
Իոկ դուք այնպես հեզ բախեցիք, մթության մեջ խարխափեցիք,
Որ ես հազիվ ձեզ լսեցի»: Այստեղ դուռն իմ ես լայն բացի՝
Խավար էր լոկ դեմս անծիր:

Դեպի մութն այդ սարսափահար նայեցի ես կանգնած  երկար,

Ու երազներ տեսա բազում երկրի մարդուն անմատչելի,
Լռություն էր սակայն անծայր և խավար էր սակայն անձայն,
Ու մթնում այդ միայն մի ձայն, մի անուն էր լսվում՝ Լենոր,
Այդ բառը ես շշնջացի, արձագանքեց մութի միջին,
Այդ բառն էր լոկ, ուրիշ ոչինչ:
Սենյակս էի երբ ես դառնում և հոգիս էր իմ մեջ վառվում,
Լսեցի ես դարձյալ մի զարկ, առաջվանից ուժգին փոքր ինչ.
«Անշուշտ բան կա, բան կա, գիտեմ, պատուհանիս վանդակի դեմ,
Թող երևա, գա դեմ առ դեմ, տեսնենք հապա ո՞վ է, կամ ինչ,
Սիրտս խաղաղ լինի թող քիչ, թող փարատվի գաղտնիքն այս ռինջ»:
Քամին էր, լոկ, ուրիշ ոչինչ։

0a292f77f01e5c9954fe6dc14a1eaf36

 

Պատուհանիս փեղկն երբ բացի, շուրջս թևեր թպրտացին,
Ու ներս տոտեց մի վես ագռավ, հպարտ ագռավ հին օրերից,
Նա ոչ հակեց, ոչ կռացավ, ոչ խոնարհվեց, ոչ ետ դարձավ,
Այլ վեհաքայլ առաջացավ, թռավ բարձր խցիս լանջին,
Միներվայի անդրուն թառեց, հենց դեմուդեմ իմ առաջին,

 

Ու լուռ նստեց, ուրիշ ոչինչ։
Տեսնելով այդ սևահավին, ես ժպտացի սրտիս ցավից,
Ցնցված նրա խոժոռ տեսքից, կերպարանքից ահեղատես.
«Ծեր ես թեպետ և ճաղատ ես, բայց դու ասի, վատասիրտ չես,
Ժանտատեսիլ ու սոսկատես հին ու թափառ ագռավի պես,
Ասա, այնտեղ մութ գիշերում ի՞նչ տիրական անուն ունես.
Ագռավն ասաց. «երբեք այլևս»:

…Բայց ագռավն այդ անդրուն թառած լոկ այդ բառն էր բերանն առած,

 

Կարծես իր այդ մեն մի բառով դուրս էր հորդում հոգին իր կեզ,
Ոչինչ էլ նա չասեց այլևս, փետուր անգամ չշարժեց հեզ,
Շշնջացի մինչ ես այսպես՝ ընկերներն իր չվեցին, տես,
Լուսաբացին նա էլ կերթա վաղ գնացած հույսերիս պես.
Ագռավն ասաց. «երբեք այլևս»:
Դողահար այդ շտապ ձայնից, Ագռավի սուր պատասխանից,
— Անշուշտ ասի, ինչ ասում է՝ դա լոկ բառ է պատրաստ պահած,
Քաղած տխուր մի վարպետից, մի տանջահար երգչապետից,
Որի երգը սերտել պիտի միշտ կրկնելով արագ այդպես.
Մինչև հասնի երգն իր հույսի մահերգի մութ ու տխրակեզ
Բառին՝ «երբեք, երբեք այլևս»։

 

Բայց ագռավն այդ հոգիս մաղձոտ լցրեց ժպտով հուրհրացող,
Ուստի վերցրի մի բազկաթոռ ու դեմուդեմ նստեցի ես,
Եվ ընկղմված թավշում փափուկ սկսեցի լուռ մտաբորբոք
Եվ միտք առ միտք խորհել՝ արդյոք ի՞նչ է ուզում ասել սև-տես
Ժանտատեսիլ ու ահավոր չարագուշակ թռչունն այդ վես
Կռինչովն իր «երբեք այլևս»:
Նստեցի ես մտալարված, լուռ այդ մտքով միայն տարված,
Եվ հայացքը նրա վառված կուրծքս էր լափում կրակի պես,
Մառ տխրությամբ ահաբեկված, իմ գլուխը ծնկիս կքած
Դեպի կապույտ բարձն իմ թեքած, սկսեցի ես խորհել այսպես.
«Մենակ եմ ես այս թավիշին. ում սիրեցի ես խենթի պես,
Չի հանգչելու ինձ հետ այլևս»:

 

— Գուշակ, — ասի,— չարաշրջուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե թռչուն,
Մեզ աղեղող երկնից եկած, աստծուց եկած պաշտելի մեզ,
Հոգիս վշտոտ ու մեղսական եդեմում այն դրախտական
Կհանդիպի՞ այն աղջկան, շողուն ու սուրբ ու լուսահեզ,
Անգին ու վառ այն աղջկան, Լենորին իմ արևատես,
Ագրավն ասաց. «երբեք այլևս»:
— Հավք,— գոչեցի,— բառն այդ դաժան թող նիշ լինի մեր բաժանման
Իսկ դու հիմա հողմիդ դարձիր ու գիշերիդ խավարատես,
Եվ քո ստին որպես հիշակ փետուր մի թող իմ հարկիս տակ,
Մենությունս թող անխորտակ, թող այս անդրին, քշում եմ քեզ,
Հան կտուցդ սրտիս միջից, առ պատկերդ չքվիր աչքես.

Ագռավն ասաց. «Երբեք այլևս»:

Եվ ագռավն այդ հսկա, անթեռ, նստած է դեռ, նստած է դեռ
Միներվայի գունատ անդրուն, հենց իմ դիմաց, չար ոգու պես,
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող:
Իսկ  լապտերը վերից վառվող՝ շպրտել է շուքն հատակիս,
O՜ իմ հոգին տարուբերվող շուքի տակից այդ ահատես
Չի բարձրանա երբեք այլևս:

 

                                   
  Լռություն

— Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու ետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:
— Բայց նրանց տիրույթը սահման ունի` մթին, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես ալիքները Հեբրիդյան կղզիների շուրջբոլորը, անդուլ ծփում են թփերը: Սակայն երկնքում բնավ քամի չկա: Եվ երկնուղեշ նախաստեղծ ծառերը հզոր շաչյունով օրորվում են հանապազ: Եվ նրանց բարձր կատարներից մեկիկ- մեկիկ ընկնում են մշտնջենական ցողակաթիլներ: Եվ ծառերի արմատներին մերձ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Եվ վերևում գորշ ամպերը շրշուն ու դղորդաձայն աղմուկով հար սուրում են արևմուտք և ապա ջրվեժի հանգույն թավալվում հորիզոնի հրեղեն պատնեշից անդին: Եվ Զաիր գետի ափունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գիշեր էր, և անձրև էր տեղում, որ թափվելիս անձրև էր, իսկ գետնին դիպչելով` արյուն էր դառնում: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ:
— Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, քստմնելի մշուշի միջից բարձրացավ լուսինը, և գույնն էր բոսոր: Եվ աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Եվ ժայռը գորշ էր ու ահեղ ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում նշաններ էին փորագրված, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի ընթերցեմ: Սակայն գրերը զանազանել չկարողացա: Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
— Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու վարմունքին հետևելու: Եվ մարդը պարթևահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը փաթաթված էին հին հռոմեական տոգայով: Եվ նրա մարմնաձի ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր սքողել նրա դեմքը, և դիմագծերն աստվածենի էին: Եվ սեգ ճակատը խորասույզ էր, և աչքերը մտատանջությունից փայլում էին վայրենի փայլով. և այտերն ակոսող ծալքերում ես կարդացի առակները ցավ ու վշտի, խոնջանքի, առ մարդկությունը զզվանքի և մենության տենչի:
— Եվ մարդը նստել էր ժայռին, գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորաթույր լուսնին: Եվ ես ի մոտո շուշանների մեջ պահված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
— Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և դեղին քստմնելի ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն ունկնդիր էր ջրաշուշանների թառանչներին ու նրանց միջից եկող սոսափին: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Հետո իջա ճախնուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանենրի թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմովտների հետ միասին ժողովվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի ներքո: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Ապա նզովեցի ես տարերքը շռինդի անեծքով. և մի ահեղ փոթորիկ հավաքվեց երկնքում, ուր մինչ այդ քամի չկար: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց- սևացավ, և անձրևը խփեց մարդու գլխին, գետի բաբախուն ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և անտառը փշուր- փշուր եղավ հողմի հանդիման, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Այնժամ ես զայրացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ նրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց երերուն վեր ելնել իր կածանով, ամպրոպը մարեց, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվելուց, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց միջից այլևս սոսավյուն չէր լսվում, ոչ իսկ ուրիշ մի ձայն` այդ անծիր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
— Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա ճեպով գլուխը բարձրացրեց ձեռքի վրայից, ոտքի ելավ ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և շտապ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:

* * *
Մոգերի հատորներում հիասքանչ պատմություններ շատ կան` մոգերի երկաթակազմ, մելամաղձոտ հատորներում: Դրանցում, ասում եմ, կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին ծովը, երկիրը և գոռ երկինքը: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ էին պատմում ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և անքթիթ հայացքը հառեց նրա դեմքին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s