H2O
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց: Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով: Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Ջրի աղտոտման պատճառները և պայքարը դրանց դեմ
Ջուրն ակտիվ քիմիական միացություն է, ուստի, մեծ թվով նյութերի հետ է փոխազդում: Այդ փոխազդեցություններից ամենահանրահայտն ու տեսանելին նյութերի լուծվելն է ջրում:
Ջուրը համընդհանուր լուծիչ է:
Նյութերը, որոնք պատահական կամ դիտավորյալ լցվել են ջրի մեջ, կարող են դիտվել որպես ջուրն աղտոտողներ:
Որպես լուծիչ՝ ջրի հատկությունները հիմնականում պայմանավորված են դրա մոլեկուլի բևեռային կառուցվածքով: Ջրի մեջ են անցնում բազմաթիվ նյութեր, որոնց մի մասն աղտոտում է ջուրը, և այն դարձնում օգտագործման համար ոչ պիտանի:
Ջրում լուծվում են գազային, հեղուկ և պինդ նյութեր:
Կենցաղից ծանոթ ենք քացախաթթվի, կերակրի աղի, շաքարի լուծույթներին: Ջրային լուծույթ է նաև արյունը, մեզը և մյուս կենսաբանական հեղուկները:
Բնական ջրի աղտոտումը ջրի որակի իջեցումն է, երբ ջրամբարների՝ գետերի, լճերի, ծովերի, օվկիանոսների մեջ քիմիական, կենսաբանական և ֆիզիկական աղտոտիչներ են թափվում:
Ըստ ջրում լուծված թթվածնի հետ փոխազդեցության՝ ջուրն աղտոտող նյութերը բաժանվում են երկու խմբի.
1.Նյութեր, որոնց օքսիդացման համար պահանջվում է թթվածին.
ա) վարակի հարուցիչներ՝ վիրուսներ և բակտերիաներ: Դրանց թվին են պատկանում կեղտաջրերը և կենդանական ծագմամբ թափուկները:
բ) Բույսերի համար սննդարար նյութեր, պարարտանյութեր, արդյունաբերական թափոնները:
գ) Օրգանական միացություններ՝ դետերգենտներ, հերբեցիդներ, միջատասպաններ, կեղտաջրեր:
1. Հանքանյութեր և քիմիական ազդանյութեր՝ թթուներ, հիմքեր և աղեր: Դրանց թվին են պատկանում հանքահորերից արտահոսող ջրերը, անօրգանական արդյունաբերական թափոնները:
2. Ռադիոակտիվ նյութեր:
3. Ջերմային աղտոտում:
Կենդանի օրգանիզմների գոյությունը ջրում կախված է դրանում լուծված թթվածնի քանակից: Այդ քանակը տատանվում է 15 մգ-լ-10օС մինչև 9մգ-լ1-1 20օС:
Թափոնները, որոնց քայքայման համար թթվածին է պահանջվում, ընկնելով բնական ջրամբարները, օքսիդանում են ջրում լուծված թթվածնով, ինչը հանգեցնում է դրա ծախսի կտրուկ մեծացմանը: Ընդհանուր ձևով՝ օքսիդացման ռեակցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով.
С + O2 à CO2
Կարելի է հաշվել, որ 1 գ ածխածնի օքսիդացման համար պահանջվում է 2.67 գ Օ2, այսինքն՝ 300 լ ջրում լուծված ամբողջ թթվածինը: Մեծ քանակությամբ անմշակ կոյուղաջրեր լցվում են բնական ջրամբարները և փոխազդում ջրում լուծված թթվածնի հետ՝ իջեցնելով դրա քանակը՝ ջրում կյանքը պահպանելու համար անհրաժեշտ մակարդակից:
Բնական ջրերի աղտոտումը նիտրատներով, ֆոսֆատներով, կապարի ու սնդիկի միացությունները, օրգանական նյութերով հանգեցնում է ձկների ու ջրային այլ կենդանիների ոչնչացմանը, ջրային բույսերի աճին, գետերի և լճերի ծանծաղացմանը: Ջրի աղտոտումը բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից առավել վտանգավոր կեղտաջրեր են: Տարբերում են կեղտաջրերի հետևյալ տեսակները՝ կենցաղային, արտադրական, մթնոլորտային: