Բնապահպանության ոլորտի զարգացումը Հայաստանում: Բնության պատասխանը

1_armenia-12

Հաշվի առնելով, որ մարդու ներգործությունը բնության վրա կտրուկ ավելանում է  բոլոր հնարավոր բնագավառներում, և այդ ներգործությունը  գերազանցապես բացասական է, բնության ներքին էներգիաները   ենթարկվում են  վնասակար փոփոխությունների: Մասնավորապես ՀՀ տարածքում բնությունը կրում է նաև «հոգևոր» կորուստներ, որի   պատճառը հանդիսանում է  արտագաղթը և բնակչության  շրջանում  աղքատության բարձր աստիճանը:

Քաղաքական ազդեցությունն էլ նույնպես թողնում է մաղթել լավագույնը: Իսկ մարդկային ռեսուրսների խոշոր քանակով արտահանումը բերում է տարածքի մտավոր ուժի դիսբալանսին: Հաշվի առնելով վերոգրյալները կարելի է կազմել մեկ համընդհանուր համակարգ, կենտրոնում դնելով բնությունը և համախմբելով նրա շուրջ մնացյալ բոլոր խնդիրները` սոցիալական,տնտեսական,քաղաքական:

Բնության շուրջ միավորվելը և նրա պահպանությունը կարելի է և պետք է դիտել որպես ելք, դուրս գալու համար խոր ճգնաժամից:

Այսպիսով` բնության շուրջ միավորվել, այն պաշտպանել և պահպանել, այս գաղափարը կհամարվի լավագույն կոչը մեր տարածքի և մեր ժողովրդի համար, նրա շնորհիվ կլուծվեն մեզ երևացող խնդիրների մեծամասությունը և կստեղծվի մարդ-բնություն ներդաշնակ աշխատող էկոհամակարգ:

Հասարակություն-բնություն փոխհարաբերության                            զարգացումը Հայաստանում և ՀՀ                                             բնօգտագործման էկոլոգիական հետևանքները

Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:  Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Բայց խնդիրը, ինչպես նշում է Յա. Դեմեկը,- «ոչ թե «բնության պահպանությունն» է ամեն գնով, այլ այնպիսի լուծում գտնելը, որը կերաշխավորի հասարակության տնտեսական զարգացումը և բնության հետագա էվոլուցիան»: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: «Իր էությամբ վերջինս առանձնանում է  երկակի բնույթով. մի կողմից` բնական, նրան կարելի է դիտարկել բնության համակարգում, մյուս կողմից մեկ այլ` սոցիալական, հասարակական համակարգում»: Շարունակելով բնության մասին իր միտքը` Ա.Մ. Կոլոտիևսկին գրում է, — «Մարդածին բնության էությունը կայանում է նրանում, որ այն սկզբնապես  ի հայտ է գալիս  ոչ թե հասարակության համակարգի ներսում, այլ մի ուրիշ ամբողջության համակարգի մեջ և միայն հետո հասարակություն-բնություն փոխհարաբերության պատմական զարգացման ընթացքում նա հայտնվում է որոշակի հարաբերությունների մեջ սոցիալական ամբողջության համակարգի հետ»:

Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:

Հայկական լեռնաշխարհի այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ  է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:

Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում  բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները:

Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:

Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր, ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից: 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ:

Պատմական ակնարկ . Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ  սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ:

Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում:

Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4 %-ը, Երևանը` 34,8 %-ը, Կապանը` 22,2 %-ը, Դիլիջանը` 2 %-ը, Արտաշատը` 2 %-ը, Գյումրին` 1,6 %-ը, Գավառը` մոտ 0,5 %-ը և Մեղրին` մոտ 0,5 %-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

Հայաստանի տարածքում հասարակություն-բնություն փոխհարաբերությունների մեջ նոր շրջան ստեղծվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: 20-րդ դարի երկրորդ տասնամյակից հետո սկսվեց Հայաստանի տնտեսության վերականգնումը` հատկապես արդյունաբերականացումը, միաժամանակ զարկ տրվեց նաև նյութական ոլորտի մյուս ճյուղի` գյուղատնտեսության զարգացմանը: Այս երկու ոլորտների բուռն զարգացման արդյունքում ավելացավ մարդու ներգործությունը բնական միջավայրի վրա: Այսպես շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն ունեցող պղնձաձուլությունը հասավ նախապատերազմյան մակարդակի 55 %-ին: Մետաղամշակումը, անտառասղոցումն ու փայտամշակումը և կաշվի արտադրույթունը իրենց համախառն արտադրանքները ավելացրեցին 2-ից մինչև 9 անգամ: Քառապատկվեց էլեկտարէներգիայի արտադրությունը, շահագործման հանձնվեցին Երևանի և Գյումրիի ՋրԷկ-ները: Այս տարիներին դրվեց քիմիական, տեքստիլ և շինանյութերի արդյունաբերության հիմքը, Ալավերդիում ստեղծվեց կարբիդի կալցիումի արտադրություն, սկսեցին արտադրանք տալ Անիպեմզայի հանքը, որմանքարերի և տեղական մածող նյութերի մի քանի ձեռնարկություններ: Կառուցվեցին Երևանի և Վանաձորի քիմիական գործարանները: Գործարանների շարք մտան նաև պղնձարջասպի գործարանը Ալավերդիում, ցեմենտի գործարանը Արարատում և Հրազդանում, տուֆի մեքենայացված հանքերը Արթիկում: Այդ տարիներին վերականգնվեցին, վերակառուցվեցին և նոր կառուցվեցին թվով 200 արդյունաբերական ձեռնարկություններ: Գործարկվեցին մի շարք ջրաէլեկտրակայաններ, այդ թվում Ձորագետի և Քանաքեռի Ջրէկ-ները, որոնցից խոշորների թիվը ներկայումս գերազանցում է 20-ը: Նոր թափ ստացավ ջրատեխնիկական շինարարությունը: Սկսվեց Սևանա լճի ջրերի համալիրային օգտագործման ծրագրի իրագործումը: Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանների կառուցման հետ մեկտեղ ծավալվեցին նոր ջրանցքների շինարարության և Արարատյան դաշտի ոռոգման աշխատանքները:  1988 թ. Հայաստանում գործում էին 713 արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ: Այս տարիների ընթացքում զարկ տրվեցին արդյունաբերության բոլոր տեսակների զարգացմանը` հնարավորինս հենվելով երկրի ներքին` սեփական ռեսուրսների վրա: Հատկապես զարգացան լեռնահանքային արդյունաբերությունը և ջրաէլեկտրա-էներգետիկ տնտեսությունը:  ԽՍՀՄ շուրջ 70 տարիների ընթացքում տեղի բնական ռեսուրսների լայնորեն օգտագործման և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից ներմուծվող հսկայական քանակությամբ հումքատեսակների բազայի վրա, երկրում ստեղծվեց բազմաճյուղ արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն, բազմաճյուղ տրնասպորտ և շինարարական տնտեսություն: Բնօգտագործման նյութական ոլորտի նմանատիպ զարգացումը բացասաբար ազդեց շրջակա միջավայրի վրա: Տնտեսության և մասնավորապես այս ճյուղերի աճը դանդաղեց Խորհդրային Միության փլուզումից հետո, որի արդյունքում որոշ չափով նվազեց շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության ուժգնությունը, երբ ՀՀ ենթարկվեց տնտեսական շրջափակման, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, իսկ մյուսներն էլ շարունակեցին աշխատել մասնակի հզորությամբ: 90-ական թվականների տնտեսական ճգնաժամից դուրս գալուց հետո սկսեց վերականգնվել ՀՀ արդյունաբերությունը` իր բոլոր բնապահպանական բացասական հետևանքներով: Մեծ արագությամբ զարգացավ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որն ինչպես հայտնի է շրջակա միջավայրի դեգրադացման ամենավտանգավոր աղբյուրներից է: Այս տարերային զարգացումը` առանց բնապահպանության ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելու, հանգեցրեց գեոէկոլոգիական  մի շարք հիմնախնդիրների: Այդպիսին էին հողերի դեգրադացման վտանգի ավելացումը, ջրային ռեսուրսների աղտոտումը, մթնոլորտային ավազանի աղտոտումը: ՀՀ տարածքում տարածված պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործումից առաջացած  պոչանքները շարունակվեցին նետվել շրջակա  միջավայր: Վերջինիս հետևանքով ՀՀ տարածքում ստեղծվել են թվով 19 պոչամբարներ, որի պատճառով որակական սպառման վտանգի տակ են Ողջի և Դեբեդ գետերը ու հարակից տարածքների գյուղատնտեսական հողահանդակները: Լեռնահանքային արդյունաբերության ճյուղի պատճառով նաև շրջանառությունից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողեր: ՀՀ ընդերքի մյուս ռեսուրսների` շինանյութերի օգտագործման նույնպես գյուղատնտեսական շրջանառությունից դուրս են մնում հազարավոր հեկտար հողակտորներ: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ տարածքում տուֆաքարերի ու լքված հանքավայրերի տակ գտնվում են 6,5-7,0 հազար հա սևահողային տարածություն: Ընդերքօգտագործման հետևանքով ՀՀ տարածքում հրատապ հիմնախնդիր է ներկայացնում թափոնների բնապահպանական հետևանքերի ուսումասիրումը:  2011թ. տվյալներով ՀՀ տարածքում թափոնների քանակը կազմել է   1 822 590 տ: ՀՀ տարածքում արդյունաբերական բնօգտագործման հետևանքով վնասվում է նաև մթնոլորտային ավազանը: Արդյունաբերական գործարանների գործարկումից հետո մեծացավ մարդածին ներգործությունը նաև մթնոլորտային ավազանի վրա: Ընդհանուր առմամբ հանրապետությունում շրջակա միջավայրը աղտոտող 1371 ձեռնարկություններն ու կազմակերպությունները մթնոլորտ են արտանետում ածխաջրածիններ, մուր, ծծմբական թթու, մանգանի օքսիդ, ամոնիակ, քլորաջրածին, ազոտական թթու, ացետոն, տոլուոլ, քսիլոլ, բենզին և այլն: Մթնոլորտ նետվող թունավոր նյութերի մեծ մասը  բաժին է ընկնում  Արարատի մարզին, Երևան քաղաքին, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզերին: Երևանում այդ ոլորտում բացասական խոշոր դեր ունեն քիմիական, շինանյութերի ձեռնարկությունները, Կոտայքի և Արարատի մարզերում` ցեմենտի գործարանները, Լոռու և Սյունիքի մարզերում` լեռնահանքային արդյունաբերության և մետաղաձուլության գործարանները: Ընդ որում մթնոլորտի աղտոտման աշխարհագրական պատկերը գրեթե չի փոխվել: Հայաստանի Հանրապետության նյութական արտադրության մյուս ոլորտը, որն զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի որակի վրա գյուղատնտեսությունն է: Այս ոլորտի ազդեցությունը հիմնականում նկատվում է շրջակա միջավայրի բաղադրիչներից մեկի` հողի վրա: Ներկայիս մանր սեփականատիրության պայմաններում, երբ յուրաքանչյուր հողատեր ինքն է մշակում իր հողակտորը, առանց ընդհանուր համաձայնության գալու հարևանների հետ, առաջանում է մի իրավիճակ, որն ավելի է խորացնում ՀՀ տարածքի դեգրադացման վտանգը: ՀՀ տարածքի մոտ 80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի դեգրադացման, իսկ մոտ 27 %-ը համարվում է դեգրադացված տարածք: Ընդ որում կախված ՀՀ տարածքի բնակլիմայական պայմաններից և տնտեսական գործունեության տեսակից այս երևույթը երկրի տարբեր մասերում տարբեր ինտենսիվություն ունի: Ներկայումս ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա` ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: 1830 թ. 70 հազ. հա-ից 1913 թ. հասան 346 հազ. հա, իսկ ներկայումս մոտ 637 հազ. հա: Միևնույն ժամանակ ընդարձակվել է նաև ոռոգվող հողատարածությունների մակերեսը` 1921 թ. 60 հազ. և 1928 թ. 111 հազ. հա-ից 1940 թ. հասան 180 հազ. հա-ի, 1988 թ. 316 հազ. հա, 2012 թ. 208 հազ. հա: Վերջինիս պատճառով հատկապես Արարատյան հարթավայրում տեղի ունեցավ հողերի երկրորդային աղակալում և աղակալված հողերի ընդհանուր մակերեսը հասավ 30 հազ. հա-ի: Գյուղատնտեսության և արդյունաբերության բնօգտագործման տեսակները զարգացնելու համար ՀՀ-ում ինտենսիվորեն օգտագործվում են նաև ջրային ռեսուրսները: Այսպես, Սևանա լճի ջրային դարավոր պաշարների ոռոգչաէներգետիկ նպատակներով օգտագործելու հետևանքով Սևանա լիճը հայտնվեց էկոլոգիական աղետի առջև` կրճատվեցին ձկնային պաշարները և տեսակները, ափամերձ շրջաններում նկատվեցին ճահճացման երևույթներ, իսկ շրջակա բնակավայրերից բաց թողնվող հոսքաջրերը ավելի սրեցին լճի էկոլոգիական վիճակը: Ջրային ռեսուրսների հետ կապված է մյուս վտանգը արդյունաբերական հոսքաջրերի գետերի մեջ թափվելու հետ: Այս առումով վտանգված են համարվում Դեբեդ և Ողջի գետերը, որոնք թունավորված են տարբեր տեսակի քիմիական նյութերով: ՀՀ տարածքի օգտագործմամբ առաջացած մյուս գեոէկոլոգիական հիմնախնդիրը համարվում է անտառների պահպանությունը: Ներկայումս ՀՀ անտառածածկ տարածքների տակ գտնվում են 334100 հա հողեր: Եղած անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայապաշտպան, ռեկրեացիոն նշանակություն: Նման պայմաններում դրանց պահպանությունը համարվում է հրատապ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում գեոէկոլոգիական բնույթի հիմնախնդիրներ են առաջացնում բնօգտագործման երկու տեսակները` արդյունաբերական և գյուղատնտեսական:

Հասարակություն-բնություն փոխհարաբերության կարգավորման հայեցակարգերը և Հայաստանի Հանրապետությունը

Հասարակության և բնության միջև ձևավորված փոխհարաբերությունները ինչպես տեսանք ձևավորվել են պատմականորեն և պայմանավորված են նաև տարածքային տարբերություններով ու առանձնահատկություններով: Այդ փոխհարաբերությունները կարգավորելու համար մարդկությունը ստեղծել է մի շարք հայեցակարգեր:

Բնապահպանական հայեցակարգ: Բնական միջավայրի և որպես հետևանք` մարդու և մարդկային հասարակության նյութական վիճակի վատացման նկատվող տեմպերը ստիպեցին դրան հակազդելու միջոցառումներ ձեռնարկել:

XX դ. վերջին տասնամյակներում հասարակության և բնության միջև տեղի ունեցող բախումները դարձան այնքան ուժեղ, իսկ բնությանը հասցվող վնասը այնքան մեծ, որ ժամանակակից հասարակության մեջ առաջացավ մեծ էկոլոգիական շարժում: Այն իր առաջ խնդիր է դրել պահպանել բնությունը մարդու վնասակար ազդեցությունից:

Բնության պահպանման համար շարժման իրական հաջողություններից են տարբեր միջոցառումների իրականացումը, որոնք նպաստել են անհետացող բուսակենանական աշխահի ներկայացուցիչների պահպանմանը, որոշակի տարածքների վերածմանը արգելոցների, շրջակա միջավայր թունավոր արտանետումենրի ծավալի կրճատմանը ևն:

Տեխնոկրատական օպտիմզմի հայեցակարգ:Այս հայեցակարգի հիմքում ընկած է բնական ռեսուրսների անսպառ և վերականգնվող լինելու և բնության վրա մարդու բացարաձակ իշխանության ունենալու պատկերացումները: Չնայած ընդամենը մեկ սերունդի աչքի առջև  բնության մեջ տեղի ունեցող հսկայական բացասական փոփոխություններին, երբ մեծ արագությամբ դեգրադացվում է շրջակա բնական միջավայրը և առաջանում են տեղական և գլոբալ էկոլոգիական աղետներ ու խախտվում է էկոհամակարգերի հավասարկշռությունը, այս հայեցակարգը մեծ հեղինակություն է վայելում:

Բնության ձևափոխման և բնության վրա ազդելու տեխնոկրատական հայացքները  ամենաշատը բնորոշ են ամերիկյան գիտական հասարակությանը:

Էկոլոգիական ալարմիզմի  (խուճապի) հայեցակարգ: ԳՏՀ հետ կապված էկոլոգիական ճգնաժամը 20-րդ դարում այնքան ուժեղ արտահայտվեց, որ արևմտյան երկրներում ի հայտ եկավ նոր գիտական ուղղություն, որի կողմնակիցները լուրջ ուշադրություն դարձրեցին բնության վրա մարդու  ներգործության աղետալի հետևանքներին և սկսեցին ձեռնարկել միջոցառումներ ու ընդունել որոշումներ «բնություն-հասարակություն» համակարգի օպտիմալացման համար: Այս հոսանքը ստացավ ալարմիզմ (անգլ. alarm տագնապ, վախ բառերից) անվանումը:

1972 թ. կայացավ մարդու շրջակա միջավայրի հարցերով միջազգային հանդիպումը Ստոկհոլմում: Այն դարձավ մարդկության զարգացման հետագա ռազմավարական նոր ուղղության սկզբնակետը, պահպանելով և օգտագործելով բնությունը, ապահովել համաշխարահային հանրության ներդաշնակ զարգացում: Վերջին մտքին ուղղված հաջորդ կարևոր և համաշախարհային քայլը եղավ  1984 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշումը շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող միջազգային հանձնաժողով ստեղծելու մասին: Տարբեր երկրներից հավաքված գիտնականների և հասարակական գործիչներից կազմված հանձնաժողովը սկսեց աշխատել Նորվեգիայի վարչապետ Գ.Հ. Բրունտլանդի ղեկավարությամբ և պատրաստեց զեկույց  «Մեր ընդհանուր ապագան» վերնագրով (1987թ.): Զեկույցի հիմնական հետևությունն այն էր, որ մարդկույթունը կշարունակի գոյատևել, եթե ընդունի կայուն զարգացման ռազմավարական ուղին: Հանձնաժողովի սահմանմամբ, — «Կայուն զարգացումը այնպիսի զարգացում է, որը բավարարում է ներկայիս ժամանակների սերունդների պահանջները, բայց չի վտանգում ապագա սերունդների պահանջների բավավարումը»: Սակայն այս սահմանումը բավականին ընդհանուր է, ուստի նրա հստակեցման  անհրաժեշտություն է առաջանում: Երկորդ թերությունն այն է, որ այդ զարգացումը ըստ իր էության, ոչ թե կայուն է, այլ ներդաշնակ` հավասարակշռված բնության հնարավորությունների և մարդկային գործունեության տեսակների միջև: Այդ իսկ պատճառով էլ հետագայում գիտնականները զբաղվեցին նրա սահմանման հստակեցման հարցերով և տրվեց հետևյալ սահմանումը,-«Կայուն զարգացումը մարդկանց կյանքի որակի այնպիսի բարելավումն է, որը պահպանում է կենսաապահովության համակարգերի էկոլոգիական ներուժային տարողունակությունը»: Այսինքն կայուն զարգացման հայեցակարգը ստեղծվել է էկոհամակարգային մոտեցման հիման վրա` ներդաշնակության հասնել էկոկենտրոն տեսանկյունից, օգտագործելով բնությունն այնպես, որ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական արդունավետությունը լինի հավասարակշռված: Ըստ էության, այդ մոտեցմամբ էլ տրվել է կայուն զարգացման սկզբունքները.

  1. էկոոլորտի վրա մարդածին ազդեցությունը չպետք է գերազանցի նրա ներուժային տարողունակությունը,
  2. վերականգնվող ռեսուրսների պահպանությունը պետք է համարել առաջնային անհրաժեշտություն,
  3. չվերականգնվող ռեսուրսների օգտագործման տեմպերը չպետք է գերազանցեն նրանց փոխարինիչների ստեղծման արագությունը` հետագայում հրաժարվելով չվերականգնվող ռեսուրսների օգտագործումից,
  4. բնօգտագործման արդյունքում ստացված եկամուտների արդարացի բաշխում ինչպես երկրների միջև, այնպես էլ նրանց ներսում,
  5. քանակական արտահայտվածություն չունեցող էկոլոգիական արժեքները հաշվի առնող տնտեսական գործիքների հաճախակի օգտագործում,
  6. բնօգտագործման կառավարման կատարելագործում (օրենսդրական դաշտի, պլանավորման ուղղությունների և այլն),
  7. բարոյա-էթիկական գործոնների և սկզբունքների զարգացում:

Այս սկզբունքները հիմք ստեղծեցին կայուն զարգացման հայեցակարգի մշակման համար, որն իրականացվեց արդեն 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով համաշխարհային երկրորդ հանդիպման ժամանակ: Դրանից հետո կայուն զարգացման հայեցակարգը ամբողջական տեսք ստացավ` պահպանելով Գ.Հ.Բրունտլանդի առաջարկած սահմանման հիմնադրույթները` ներդաշնակություն, փոխզիջում, համագործակցություն, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, բնության գերակայություն հասարակության նկատմամբ: Այս հիմնարար դրույթների վրա էլ կազմվեց կայուն զարգացման հայեցակարգի հիմնական սխեման, որի նկատմամբ տեղին է օգտագործել «մեկ բանալի երեք կողպեքի համար» արտահայտությունը (գծապատկեր 1.): Երեք կողպեքները ներկայանում են էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ոլորտների տեսքով:  Նման բովանդակությունից բխում է, որ հայեցակարգն ունի ոչ թե էկոկենտրոն (էկոհամակարգային) այլ գեոկենտրոն (երկրահամակարգային) բնույթ, քանի որ այն իր մեջ ներառում է, ոչ միայն բնությունը այլև` հասարակությունը` այսինքն ամբողջ երկրագունդը

Այս հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում, որին հաճախ անվանում են հասարակության և բնության միջև հավասարության հայեցակարգ:

Untitled

Գծապատկեր. 1. Կայուն զարգացման հայեցակարգի սխեմատիկ պատկերը

Կայուն զարգացման հայեցակարգի ստեղծման առաջին միջազգային գագաթաժողովից հետո 1992 թ. Ռիո դե Ժանեյրո, տեղի ունեցել ևս 3 միջազգային հանդիպումներ նվիրված այդ հայեցակարգին` Յոհանեսբուգում 2002 (Ռիո +10) թ. և նորից Ռիո դե Ժանեյորում 2012 (Ռիո +20): 1992 թ.

ՀՀ կառավարության պատվիրակությունները մասնակցել են վերը նշված գագաթաժողովներին, ստորագրել բոլո ընդունված փաստաթղթերը, միացել կոնվենցիաներին: Անցած ժամանակահատվածում զգալի աշխատանքներ կատարվել կոնվենցիաների շրջանակներում, մշակվել են իրականացման համապատասխան ծրագեր:

Մշակվել, հրապարակվել ու իրականցման փուլում են “Շրջակա միջավայրի պահպանության գործողոությունների ազգային ծրագիրը”, “Սևանա լճի էկոլոգիական հավասակշռության վերականգնման ծրագիրը”, “Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը” և այլն: Հատկապես կարևոր է 2008 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ կառարության N 1207 որոշմամբ Կայուն զարգացման ծրագրի հաստատումը, որը ըստ էության “Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի” վերամշակված և մասամբ փոփոխված տարբերակն է:

Միաժամանակ կարելի է փաստել, որ ԿԶ տեսության ասպարեզում կան զգալի նվաճումներ: Գիտության և հասարակական սեկտորների կողմից կատարվել է հետևյալը.

մշակվել և հրատարակվել են.

  • “ ՀՀ կայուն զարգացման հայեցակարգը” (2006 թ.), որի հիմնական սկզբունքները ընդունվել են ՀՀ կառավարության կոմղից ու ներառվել են 2008 թ. հրատարկված կայուն զարգացման ծրագրի մեջ
  • “Դեպի կայու քաղաքներ ” 21-րդ դարի տեղական օրակարգերի ուղեցույցը անցաումային տնտեսությամբ երկրների քաղաքների համար”
  • բուհերի ուսումնական ձեռնարկներ,
  • առաջարկվել է կայուն զարգացման ինդեքսի տարբերակ
  • զգալի աշխատանք է կատարվել բնակչության իրազեկման համար

Կարևոր նշել, որ 2002 թ. հուլիսի 25-ին ՀՀ կառավարության 1102-Ա որոշմամբ ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ: Այժմ ՄԱԶԾ աջակցությամբ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում այդ խորհրդի գործունեությունը լավագույնս կազմակերպելու համար, սակայն զգալի արդյունքներ դեռևս չկան: Խորհուրդը զբաղվում է կայուն զարգացման ռազմավարության սկզբունքերի մշակմամբ:

Բուհերում նույնպես ուշադրություն են դարձնում կայուն զարգացման ուսուցմանը` մսնավորապես ՀՀ ԳԱԱ Էկոնոոսֆերային կենտրոնում գործում է կայուն զարգացման ամբիոն, ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում ԵԱՀԿ օգնությամբ սկեղծվել է Կայուն զարագցման կենտրոն, ՀՊՄՀ էկոլոգիայի նախկին ամբիոնը վերանվանվել է էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն:

ՀՀ-ում ստեղծվել են մի շարք միջազգայի բնապահպանական կազմակերպություններ` մասնավորապես ` Վայրի բնության ֆոնդը (WWF)-2002 թ.ից, Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնների ցանցը, Կովկասյի ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնը ու մի շարք տեղական կազմակերպություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s