Այսօր 2078թ-ի հուլիսի 3-ն է:
Ես 80 տարեկան եմ: Այսօր դարձա: Եվ, ըստ սովորության, նստել եմ հիմա համակարգչիս առաջ՝ օրվա անցուդարձը գրառելու իմ բլոգում:
Ու այսօր, 80 երկար տարիներիս բարձունքից, վստահ կարող եմ ասել. Որքա՜ն երջանիկ եմ ես: Երեխաներս, թոռնիկներս, և նույնիսկ փոքրիկ ծոռնուհիս՝ եկել էին շնորհավորելու: Թոռիկներից միայն Անին ու Վանն էին բացակա, այն էլ՝ «հարգելի»… Նրանք եկրուսով անդամագրվել են Վան քաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող կամավորական ջոկատին և միայն ինտերնետով զրուցեցին ինձ հետ և շնորհավորեցին տոնս:
… Ակամա հիշում եմ կյանքիս երկարուձիգ պատմության էջերը: Հիշում եմ իմ նորանկախ պետության անվստահ քայլերը` համահունչ իմ վաղ մանկության տարիների առաջին ինքնուրույն քայլքին… Հիշում եմ պատանեկությունս` համեմված փոփոխված Երևանի նոր բույրերով և իմ հասակակից սերնդի նորաբողբոջ պահանջատիրական շարժումներով: Հիշում եմ ու հասկանում. Ամեն մեկս անձնական մեծ ներդրում ունեցանք հայրենիքիս հաջողությունների մեջ:
…Անհատներն են կերտում պատմությունը: Եվ ես էլ ինձ հիմա զգում եմ ազգիս պատմության մի մասնիկը, դատավոր շղթայի փոքրագույն օղակը: Շղթա, որը երբեք չի ընդհատվելու, ճանապարհ` որ անվերջ է, ազգություն, որ հավերժական է…
Իմ ա’զգը…Իմ բազմաչարչար ու բազմաշնորհ, իմ համեստ ու փառավոր, իմ տաղանդավոր ու լուռ ա’զգը… Որքան մեծացա, այնքան սիրեցի ու հասկացա քեզ, այնքան ավելի շատ նվիրվեցի ու փառաբանեցի:
Այսօր մի պահ մտքով ետ գնացի, հիշեցի պատանեկությունս, ինչպես էինք պայքարում մեր երազած երկիրը տեսնելու, մեր երազած երկրում ապրելու համար, հաշվի չառնելով եղանակի սառնությունը, մարդկանց տարօրինակ հայացքները, մեր քայլերն անիմաստ համարող անհատներին և միայն առաջ գնալով դեպի մեր նպատակը՝ տեսնել Հայաստանը կայուն, անկախ, արդար, իրապես սահմանադրական և սոցիալական պետություն դարձած երկիր: Երկիր, որտեղ մենք հավասար ենք, և օրենքները գործում են բոլորի համար: Երկիր, որտեղ անօրենը պատժվում է, իսկ հերոսը՝ մեծարվում: Երկիր, որի քաղաքացին ապրում է արժանավայել և ի վիճակի է պայքարել թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ: Երկար ու ձիգ պայքարի տարիների ընթացքում, ժամ առ ժամ, օրեցօր, ամիս առ ամիս ուս-ուսի տված կառուցեցինք մեր երազած երկիրը: Հիշում եմ ավագ ընկերներիս ու ուսուցիչներիս՝ Մաքսին, Վարդանին, Վահագնին, Նանեին, Ռոբերտին, Ռուզաննային, Միհրանին, Սոֆիային, Արմենին, Մանուկին, ընկեր Արտակին, ընկեր Էմանուելին ու էլի շա՜տ շատերին: Հիշում եմ բոլորին: Նրանցից շատերը այսօր չկան, բայց նրանց անձնուրաց գործը հիշում են բոլորը: Նույնիսկ որդիս իր մեծ տղայի անունը Շանթ է դրել: Փառք ու պատիվ ձեզ, իմ հեղափոխական ընկերներ: Հպարտ եմ այսօր իմ ու ձեր ապրած կյանքով: Հպարտ եմ մեր կառուցած երազանքի Հայաստանով: