Մարդը թողնում է այն տունը, որտեղ զգում է, որ ավելորդ է: Մարդիկ արտագաղթում են այն երկրից, որտեղ իրենց գոյությունը փոշիացվում է:
Ի՞նչ կանեիր, երբ քո տունը քո ձեռքից խլեին ու քեզ հատկացնեին մի անկյուն պատսպարվելու համար, երբ դու պետք է օրուգիշեր աշխատեիր մի կտոր հացի համար, երբ քո իրավունքները քո իսկ տան մեջ ոտնահարվեին ու դու շարունակ խոշտանգվեիր. կա երկու տարբերակ. առաջին՝ կթողնես ու կփախչես, երկրորդ՝ կպայքարես: Կհեռանան նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է տունը, ովքեր չգիտեն տան արժեքն ու այն պահպանելու բանաձևը: Իսկ կմնան ու կպայքարեն նրանք, ովքեր ունեն ինքնասիրություն: Այդպես էլ պետությունն է: Մենք հայերս հարյուրավոր տարիներ չենք ունեցել պետականություն և չենք գիատկցում մեր պետության դերը մեր իսկ կյանքում, այդ իսկ պատճառով թողնում ենք, որ գան ու խլեն մեզանից մեր ունեցածը: Արտագաղթող մարդիկ նման են «Թոմ ի Ջերրի» մուլտֆիլմի կատվին, ով աչքերը փակ ընթանում է հեռվից բուրող երշիկի ուղղությամբ: Մենք վազում ենք մեր ստամոքսի ետևից՝ թողնելով մեր հայրենիքը նրանց, ովքեր օրեցօր լայնանում են: Մարդիկ արտագաղթում են այն ժամանակ, երբ զգում են, որ իրենց եսը ոտնահարվում է, բայց պայքարում են նրանք, ովքեր մեծ եսասերներ են:
Հայաստանի սոցիալական վիճակը, ցածր վարձատրվող աշխատանքը, գործազրկությունը, արդարության ու պաշտպանվածության պակասը կամ իսպառ բացակայությունը, երկրում հանցագործների նկատմամբ անպատժելիության բարձր գործակիցը, ապագայի և հեռանկարների հանդեպ գրեթե կամ լիակատար անվստահությունը , վախի զգացողությունը, արդեն իսկ բավական են արտագաղթելու համար: Մարդիկ անցնում են «մեր » և «ուրիշի» սահմանագիծը՝մտածելով, որ ոչինչ չեն կարող փոխել, իսկ նրանք, ովքեր չեն արտագաղթում, հուսով են, որ բարեփոխումները անիրականանալի երազանք չեն մնա: Մարդիկ գործե՛ք, մի՛ երազեք: