Ես ընտրել եմ սոցիոլոգի մասնագիտությունը, որովհետև, կարծում եմ, որ սոցիոլոգները այսօր շատ պետք են մեր հասարակությանը՝ հասկանալու համար, թե ուր է գնում մարդկությունը, ինչ ուղղությամբ է զարգանում: Սոցիոլոգիայի ամենամեծ յուրահատկությունն այն է, որ այն ընդգրկում է մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտ, իր ներդրումն է ունենում ցանկացած գիտության կամ բիզնես ոլորտում՝ հետագա զարգացման ուղղությունները որոշելիս, մեծ ներդրում ունի հասարակական զարգացման կանխատեսումների և մոդելավորման մեջ: Սոցիոլոգիան բազմակողմանի զարգացած մարդու մասնագիտություն է, ամբողջական պատկերացումների և անկողմնակալության գիտություն է, փորձարարական և տեսության զարգացման համար նպաստավոր ու երիտասարդ գիտություն է:
Մասնագիտության կողմնորոշման հարցում ինձ օգնել է մայրիկս, որը շատ է պատմել մասնագիտության առանձնահատկությունների և առավելությունների մասին: Չնայած այն փաստին, որ աշխատանքի շուկայում այսօր ավելի շատ պահանջված են սոցիոլոգիայի ճյուղեր հանդիսացող կիրառական սոցիոլոգիայի, մարկետինգի և PR-ի մասնագետները, այնուամենայնիվ, ես կցանկանայի ավելի շատ զբաղվել սոցիոլոգիայի տեսությամբ և հասարակական ոլորտի կանխատեսումներով: Սոցիոլոգի մասնագիտությունը Հայաստանում նույնիսկ չի հասցրել դառնալ արդիական: Կարծում եմ, որ այս գիտության հայկական ծաղկուն շրջանը դեռևս ապագայում է, քանի որ սոցիոլոգիան համարում եմ զարգացած տնտեսությանն անհրաժեշտ և դրան նպաստող գիտություն: Հայաստանում գործող պետական բոըհերից սոցիոլոգի մասնագիտությունն ուսումնասիրվում է միայն Երևանի Պետական Համալսարանում, ընդ որում սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին միավոր գործում է ընդամենը 2004թ.-ից, բայց արդեն ունեցել է բազում ականավոր և որակյալ շրջանավարտներ:
Սոցիոլոգի բակալավրի աստիճանի համար ուսման ընթացքում կփորձեմ ավելի նեղ մասնագիտական կողմնորոշում ստանալ և որոշել հետագա մասնագիտացումս կամ երկրորդ համապատասխան մասնագիտության ընտրությունը: Կարծում եմ, որ ապագայում կարող եմ ուսումնասիրել քաղաքական զարգացումները որպես քաղաքագետ կամ քաղաքական սոցիոլոգիայի մասնագետ:
Փտր
4
2015