Բարև, Գյումրի
Բարև, գյումրեցիներ
Բարև, իմ մանկության երազանքների քաղաք…
Յոթ վերք, Պլպլան ժամ, կոնֆետ, թխվածքաբլիթներ… Լոկ բառեր չեն, մանկության մասնիկներ են ու հիշողություն: Մեծ տատիկս Գյումրիից էր: Հաճախ էր այցելում քրոջ՝ Գոհարի տուն: Երբեմն ինձ էլ էր բախտ վիճակվում նրա հետ այցելել Գյումրի ու վայելել մեծ քաղաքի շունչը, զգալ պատմությունը, սև քարից շինված շենքերը տեսնելով՝ հիշել պատմության էջերի հերոսներին և հուզվել… Ինչ-որ անսովոր հիշողություն կար այդ քարաշեն շենքերի մեջ պարփակված, որը դուրս էր հորդում իմ հայացքի ներքո և ալեկոծում երիտասարդ հոգիս:
Այդ նույն հուզմունքը ամեն անգամ ինձ պատում է Գյումրի այցելելիս: Ու ամեն անգամ շնորհակալ եմ լինում ուսուցիչներիս նման հնարավորության համար: Այս անգամն էլ բացառություն չէր: Սրտիս թրթիռով սպասում էի, թե երբ է մեր գնացքը ժամանելու կայարան: Վերջապես տեղ հասանք, ու էլի անցանք մեզ ծանոթ, հարազատ փողոցներով, խմեցինք ծանոթ աղբյուրների սառնորակ ջուրը, բարևեցինք հարազատ դարձած մոմավաճառներին, մտանք եկեղեցիներ, մոմ վառեցինք, աղոթեցինք…
Մայր Հայաստանի արձանը վեհաշուք էր, տպավորիչ էր առավել այս օրերի խորհրդի ներքո. հայը կանգուն է, տոկուն է, անմահ… Ընկեր Էմանուելի պատմական ակնարկները, ինչպես միշտ, հետաքրքիր ու տեղին էին, խրատական, իմաստուն: Ընդհատվող անձրևը չէր խանգարում մեզ, ընդհակառակը՝ թարմացնում էր, ուժ տալիս, մարտահրավերներ նետում: Փոշին ու արևը շատ էր, թրջվում էր փոշին, չորանում, կպչում մեր ոտքերին: Գյումրու փոշին, քաղաքի հիշողությունը, որը մենք մեզ հետ անգիտակցաբար, թե գիտակցաբար, բայց բերեցինք Երևան: Այն մտավ յուրաքանչյուրիս տուն, ընտանիք, մեր դպրոց ու շարունակում է ապրել մեզ հետ:
Որքան էլ, որ հոգնած էինք երկարատև ճամփորդությունից հետո, բայց և լի վճռականությամբ ևս մեկ անգամ Գյումրի այցելելու: