Թվում է` այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը,. Նստիր սարի լանջին, սառնորակ աղբյուրի քչքչոցի ներքո, բազմագույն ծաղիկների արձակած բուրմունքի մեջ և զմայլվիր հարազատ բնության պարգևած գեղեցկություններով: Միթե սա երջանկություն չէ` բնական, անկեղծ, անկախ ամեն ինչից`ի վերուստ տրված երջանկություն: Այնքա~ն դյուրին է կյանքում երջանիկ լինելը: Ընտրիր քո ճամփան, այն է ` կյանքի ոճը, ընկերներիդ, ապրիր այնտեղ, որտեղ ուզում ես, ապրիր այնպես, ինչպես ուզում ես, միշտ ուրախ եղիր, ցնծա թող հոգիդ արևի հետ ու հանդարտի լուսնի մեղմ շողերի ներքո, աչքերդ թող փայլեն աստղերի հետ ու խոնավանան միայն ինչպես ծաղիկը թրջվում է ցողից… Իսկ ինչու ո՞չ:
…Թվում է` այնքան դժվար է կյանքում երջանիկ լինելը: Մահկանացուիս երջանկություն կոչված հոգեվիճակը առկախ է մարդկային կյանքի բազմաբնույթ ծագում ու բովանդակություն ունեցող բյուրավոր պատճառներից ու հանգամանքներից:
Ասում եք`սիրո մեջ է երջանկությունը: Գուցե: Ասում եք` դժվար չէ սիրել ու այդպիսով երջանիկ լինել: Կասկածում եմ: Մարդկային պատմության սիրահարությունների մեջ դժբախտ սիրո դասերը չափազանց շատ են, որպեսզի անվերապահորեն ընդունենք սիրո երջանկաբերության փաստը: «Սատանայի պես է սերը լինում. Իմ արյան մեջ է հանկարծ մտնում ու ատում եմ ես նրան, ատում, անիծում եմ զգացումն այդ, անիծում…» Այո, այո, լինում է նաև այսպես: Դժբախտ չէի՞ն արդյոք Ռոմեոն և Ջուլիետան: Իսկ ինչո՞ւ, չէ՛ որ նրանք սիրում էին իրար: Ախր կար մեկ այլ, ավելի զորեղ, բայց չար ուժ, որը կարողացավ խափանել նրանց երջանկությունը: Եվ այսպիսի անթիվ- անհամար օրինակներ: Ամենակարող ուժ չէ սերը, որքան էլ դա ցավալի չլինի ընդունել:
Գուցե սերը ամենակարող ուժ չէ, բայց չէ որ բնության մեջ այդպիսիք չկան , իսկ սիրո պես զորեղը դժվար թե գտնվի: Երջանիկ են նրանք, ով սիրով են ապրում: Կարծում եմ՝ երջանիկ է նկարիչը, երբ նրա վրձինը դիպչում է կտավին, երջանիկ է պոետը, երբ գտնում է գեղեցիկ հանգ, երջանիկ է երաժիշտը, երբ լսում է իր ստեղծագործությունը կատարման մեջ: Իսկ մի՞թե սերը չէր, որ ստիպեց Լեոնարդո դա Վինչիին անմահացնել Մոնալիզայի ժպիտը, մի՞թե սիրահարված չէր Ֆրանսիսկո Գոյան, երբ կերտում էր իր «Մերկ մախան», մի՞թե խելագարի պես չէր սիրում Պանթեն իր Բեատրիչեին, երբ դեգերում էր իր աստվածային «Աստվածային կատակերգության վրա»: Երջանիկ չե՞ն արդյոք միլիոնավոր ընտանիքներ աշխարհում, որ սիրո վրա են ստեղծվել ու գոյատևում են: Երջանիկ չէ՞ միթե այն մայրը, որի սիրտը լի է սիրով դեպի իր զավակները: Եվ ընդհանրապես, մարդկության հիշողության մեջ ավելի շատ է իմաստունը, իսկ այնտեղ երջանկությունը ամենից հաճախ կգտնեք սիրո կողքին:
Ասում եք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը: Ահավասիկ ընտանիք, որտեղ բոլորը սիրում են միմյանց, մի քանի երեխա, հայր, մայր… Հայրը հազիվ հանապազօրյա հաց է քրտինքով վաստակում, իսկ ամենափոքր որդին՝ ծանր հիվանդ է: Մի՞թե դժբախտ չէ նրա հայրը, որ չի կարող թույլ տալ իրեն մի քանի դեղեր գնել և փրկել որդուն… Կասեք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը, երեխայի ժպիտը, մոր ցամաքած աչքը… Չէ, իհարկե, միայն փողը երջանկություն չի բերի: Ինչպես ասում են՝ հարուստները ևս լացում են: Բայց չեք կարող չհամաձայնել ինձ հետ, որ գրեթե բոլոր աղքատ ընտանիքները պարզապես դժբախտ են… Կասեք՝ փողի մեջ չէ՞ երջանկությունը:
Երջանիկ չէ՞ միթե այգեպանը, երբ աշնանը ճաշակում է իր շուրջտարյա հոգնատանջ աշխատանքի պտուղները: Երջանիկ չէ՞ միթե այն շինարարը, երբ իր կառուցած շենքի բնակիչներից տարիներ հետո շնորհակալական խոսքեր է լսում: Երջանիկ չէ՞ միթե այն ուսուցիչը, որ իր աշակերտին տեսնում է բարի ու ազնիվ, հասարակությանը պիտանի դարձած մարդ… Ուրեմն՝ սիրված աշխատանքն է՞լ երջանկություն է: Կարծում եմ՝ այո, և գրեթե աշխարհիս երջանկություններիս ամենատևականը, գիտակցվածն ու կայունը: Աշխատանք, որից հաճույք ես զգում, որին կարող ես նվիրվել ամբողջովին, լարվել, նյարդայնանալ, երբ որևէ գործ չի հաջողվում, և միանգամից պարպվել, երբ կարողացար հաղթել անհաջողությանը, աշխատանք, որը սիրում ես ամբողջ սրտով (այստեղ դարձյալ խառն է սիրո մատը)՝ ահա երջանկության մեկ այլ առատ աղբյուր:
Բայց արդյոք երջանիկ լինելը նշանակում է լինել դժբախտ: Կարծում եմ՝ ոչ:
Աշխարհում կան շատ մարդիկ, որ կյանքում մեծ հաջողությունների են հասել, սիրված են ընտանիքում և ընկերների շրջապատում: Հարևանի, բարեկամի, կամ օտարի աչքով նայելիս թվում է՝ չկա նրանից երջանիկը: Այո, իհարկե, նա դժբախտ չէ, բայց կյանքից ուզել է ստանալ մեկ այլ, լրիվ ուրիշ երջանկություն: Ասենք՝ երազել է դառնալ նկարիչ, մեծ նկարիչ, ցուցահանդեսներ բացել, ճանապարհորդել աշխարհով մեկ, բայց… ճակատագրի քմահաճույքով դարձել է պետական պաշտոնյա, գրասենյակային ծառայող, ինչպես ինքն է, գուցե, մտածում՝ «թուղթ կրծող»: Ա՞յս էր նրան պետք կյանքում, այո, նա դժբախտ չէ, բայց չէ՞ որ երջանիկ էլ չէ: Իսկ շատ ու շատ փիլիսոփաներ ասել են, որ մարդու կյանքի նպատակը երջանկության հասնելն է: Նշանակում է, եթե երջանիկ չես, ուրեմն կյանքդ իզո՞ւր է անցնում: Թվում է՝ այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը… և նույն պահին՝ չափազանց դժվար…
Մի՛ սպասեք կյանքում երջանկության: Այն չի տրվի ձեզ հեշտությամբ: Պայքարեք ճակատագրի դեմ, մի՛ հաշտվեք երբեք և մի՛ մոռացեք՝ անպայման երջանկություն պարգևեք ուրիշներին, և ձեզ կվերադարձնի հարյուրապատիկ:
…Արթնացիր առավոտյան և գնա անտառ: Այնտեղ արդեն վաղուց աշուն է՝ գույների ցնծություն, թռչունների իրարանցում, գազանների եռուզեռ… Նստիր մի կոճղի և ականջ դիր ծառերի խորհրդավոր զրույցին: Նրանք կասեն քեզ, թե ինչ է կյանքում երջանիկ լինելը…